ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Գուցե արժե՞, որ աստվածամերձ մարդիկ ձայն տան իրար, ձեռք ձեռքի տված աշխարհը մաքրեն ախտից ու աղտից

Գուցե արժե՞, որ աստվածամերձ մարդիկ ձայն տան իրար,  ձեռք ձեռքի տված աշխարհը մաքրեն ախտից ու աղտից
10.09.2013 | 11:23

Այս «խելահեղ, խելահեղ աշխարհը», կարծես, մոռացել է պտտվել, թեքվել է մի կողմ, մարդիկ լցվել են իրար վրա ու նեղվածությունից, նեղսրտությունից, կիսաքաղց ու քաղցած վիճակից, անգործությունից ու էլի անիմաստ ու «էքսկլյուզիվ» բաներից մարդիկ փոխանակ ելք փնտրեն, փող են «աշխատում»։ ՈՒ ոչ ոք չի մտածում, որ էս մի գունդ երկիրը, որքան էլ կլոր, մի օր զենքերի ու մարդկանց ծանրությունից հաստատ կթեքվի, և մի մեծ կտոր կպոկվի ու կընկնի։ Իսկ մարդիկ շարունակում են զենք արտադրել ու այդ զենքը ծախել հարևանին ու բարեկամի թշնամուն, որ այդ փողով ապարանքներ կառուցեն` ուրիշներին պատին դեմ տալու կամ սպանելով տեղ ազատելու միջոցով։

Քանի՞ հարևան թշնամի մոլորակ ունենք մենք` երկրայիններս, որ այսպես զինվում ենք ու զինվում։ Բոլորս մի նավի մեջ ենք` զենք արտադրողն ու վաճառողն էլ, զենք գնողն ու գործածողն էլ։ ՈՒ դեռ հայտնի չէ, ո՛չ, հայտնի է, որ զենք գնողը մի օր այդ զենքը կուղղի հենց վաճառողի դեմ։ Բայց ինչպես հիմա են հաճախ «փիլիսոփայում», դա նրա՛նց խնդիրն է։ Ո՛չ, դա բոլորիս` մարդկության խնդիրն է. չի կարելի այսքան զենք արտադրել, երբ երկրագնդի բնակչության մի մեծ հատվածը քաղցած է, մի մասը` կիսաքաղց, մյուսը` անտուն ու անաշխատանք, ասել է` քաղցած է կամ կիսաքաղց, նաև վիրավոր, եթե դեռ չի սպանվել ինչ-որ մեկի վաճառած ու գնված զենքից, մի մասն էլ սեփական երկրում ապրում է արհամարհված ու նսեմացված։ Բայց այսքանով հանդերձ, բոլորս ապրում ենք «վեհ գաղափարներով». ժողովրդավարություն, այսինքն` ժողովրդին վարում են բառիս բուն ու գործնական իմաստով, «խոսքի ազատություն», այսինքն` ում ուզեն, ինչ ուզեն կասեն, բայց լսող չկա, «մարդու իրավունքներ», այսինքն` մի մարդն այնքան շատ «իրավունքներ» ունի, որ ամբողջ ազգն ու պետությունը հաճախ «եվրադատարաններում» պարտվում են նրանց իրավունքների դեմ։ Եվ վերջապես «խղճի ազատություն», այսինքն, ի հեճուկս Աստծո, մարդու խղճին ևս տվել են «խոսքի ազատությանը» և «մարդու իրավունքներին» համազոր կարգավիճակ։ Խիղճը չի կարող լինել «ազատ»։ Խիղճն ընտրովի, ծախովի ու գնովի չէ։ Խիղճը հավատի հետ կապ չունի։ Խիղճը Աստծո ձայնն է և շնորհն է` տրված մարդուն, որ մարդուն մարդ է պահում և մերձեցնում Աստծուն ոչ թե արտասանած բառերով, այլ աստվածահաճո գործերով։ Խռովել է աշխարհը մարդուց, դարձել է վիրավոր գազան, որն իր կյանքը, գոյությունը և շարունակականությունը փրկելու համար ամեն կերպ ուզում է պատժել իրեն վիրավորողին, որը նաև իր մահն է ուզում։ Տարերային աղետները հենց մեր վիրավոր մոլորակի պատասխանն են` ուղղված մարդկանց։ Վերջին հարյուր տարում համաշխարհային երկու պատերազմները` միլիոնավոր մարդկային զոհերով և նյութական ու մշակութային արժեքների անխնա ոչնչացումով ոչ միայն չսթափեցրին աշխարհի հզոր տերությունների ղեկավարներին, այլև ավելի խորացրին քաղաքական և տնտեսական հակասությունները` մի կողմից գերտերությունների, մյուս կողմից` բնական և մտավոր պաշարներ ունեցող երկրների միջև։
1915 թ. հայոց ցեղասպանությունը` կատարված մեր դեմ մեր հայրենիքում, աշխարհի անտարբեր ու կարճատես աչքերի առաջ, մոտ մի դար է` անթաղ մեռելների հոգիները թափառում են երկնքում և հանգիստ ու հանգրվան չեն գտնում։ Ներքևում իրենց հայրենիքն է ու այդ հայրենիքի կորստին մեղսակից աշխարհը, իսկ երկնքում... Իսկ երկնքում նրանց փոթորկված և անսփոփ հոգիների ճիչն է, որ դառնում է տարերք, դառնում է աղետ` ջրհեղեղ, ու ձնամրրիկ, երկրաշարժ ու հրաբուխ, որը փորձում է սթափեցնել մարդկանց միտքը, արթնացնել նրանց խիղճը։ Աշխարհը տարերային աղետների ճիրաններում է։ Հիմա էլ մարդկությունը հայտնվել է համաշխարհային երրորդ պատերազմի հորձանուտում և ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ ջրապտույտից։ Այս բազմաբնույթ ռազմական ընդհարումները դեռ երկար կտևեն. սա համաշխարհային պատերազմի նոր դրսևորում է. պատերազմական գործողությունները հրահրվում են տարբեր երկրներում և տարբեր ժամանակ. կողք կողքի, անգամ ազգակից երկիրն անտարբեր է իր հարևան պետության դեմ սանձազերծված «գունավոր» հեղափոխությունների ու «գարունների» հանդեպ` իր «խնդիրը» չհամարելով մինչև այն օրը, երբ իրեն էլ կարժանացնեն այդ ուշադրությանը։ Մարդկային կյանքը դրված է բանկային քարտի վրա. որքան շատ մահեր, այնքան շատ զենքի արտադրություն, վաճառք ու փող։ Եվ զարմանալին այն է, որ մարդիկ առանձին-առանձին, ազգովին ու մարդկությունն ընդհանրապես չեն հասկանում դա և սին ուսմունքների բավիղներում խարխափելով մոլորվել են` միակ ճիշտ ուղին համարելով այլոց կրոնին ու դավանանքին հակադրվելը։
Քրիստոնեական կրոնը մասնատվել է տասնյակ դավանաբանական ուղղությունների, որոնք դարեր շարունակ անհաշտ են եղել, այսօր էլ շարունակում են։ Կաթոլիկների և ուղղափառների, կաթոլիկների ու բողոքականների հակասությունները ոչ այնքան դավանաբանական (իհարկե, հիմքում դրել են մի դատարկ տարբերություն), որքան քաղաքական է, այստեղից էլ բխող` տնտեսական։ Անգլիայի և Իռլանդիայի «դավանաբանական» վեճը մինչև վերջերս շարունակվում էր զենքի լեզվով։ Դավանաբանական մյուս ուղղությունները թեև «թրերով» չեն բախվում, սակայն յուրաքանչյուրն իր աստվածաբանական դոկտրինը գերադաս է համարում և սկզբունքորեն չի ընդունում մյուսներինը։ Օրինակ` հունական ուղղափառ եկեղեցին իրեն հայտարարում է Տիեզերական, կաթոլիկ եկեղեցին` Վատիկանը` Սուրբ աթոռ և այլն։ Հարկ չեմ համարում թվարկել բոլոր մանր ու խոշոր դավանաբանական շեղումները, որոնց նպատակը քրիստոնեությունը` որպես ուսմունք, կրոն և հավատ տրոհելն է։ Եթե այսպես շարունակվի, ապա դարիս վերջում քրիստոնյաները կհայտնվեն երկու հազար տարի առաջ Քրիստոսի առաջին հետևորդների կարգավիճակում և՛ բարոյապես, և՛ թվաքանակով։ Նույն պայմաններում է հայտնվել համաշխարհային մեկ այլ կրոն` իսլամը։ Մահմեդական կրոնը ևս ներսում ենթարկվել է դավաբանական տրոհման։ Եթե քրիստոնեական հավատի հետևորդների դավանաբանական մասնատումը, բարեբախտաբար, վաղուց ռազմական ընդհարումների չի հանգեցնում, ապա մահմեդական աշխարհը գերի է դարձել իրեն պարտադրված դավանաբանական հակասություններին, և դարձյալ զարմանալի է, որ մահմեդական աշխարհում չի գտնվում մի առաջնորդ, որը հաշտեցման եզրեր գտնի կրոնակիցների միջև, որպեսզի փրկվեն նրանց ժողովուրդներն անիմաստ կոտորածներից, իսկ երկիրը` ավերածություններից։ Ո՞Ւմ են ձեռնտու իսլամական, մասնավորապես արաբական աշխարհի թուլացումը և նրանց պետությունների ու երկրների ավերումն ու կործանումը։ Գուցե այս հարցը ինչ-որ կերպ պետք է հասցնել այդ երկրների մարդկանց, ովքեր հայտնվել են խրամատի հակառակ կողմերում և իրար սպանելով` միլիարդավոր դոլարների օգուտ են տալիս զենք արտադրող գործարաններին և նրանց տերերին։
Ժողովրդավարության «պատվաստումը» ծիլ չտվեց ո՛չ Աֆղանստանում, ո՛չ Իրաքում։ Մինչև այսօր խաղաղություն չկա ո՛չ Աֆղանստանում, ո՛չ Իրաքում, և ողջ արաբական աշխարհն արյան բոցերի ու փլվող շենքերի փոշու ամպի մեջ է։ Ավերվում են նրանց արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը, ամեն օր անմեղ մարդիկ են մեռնում ահաբեկչական պայթյուններից, շատերը հեռանում են հայրենի երկրից և դառնում մարդկային անպիտան զանգված, որից պետք է ազատվել` թողնելով նրանց քաղցած` կյանքի համար անհամատեղելի պայմաններում։ Իրենց կրոնին ջերմեռանդորեն փարած մահմեդականները ոչնչացնում են միմյանց` հանուն սեփական դավանանքի «ճշմարտացիության»։ Զարմանալի է. մեկ Աստված է, մեկ Ալլահ. ճանապարհը մեկն է։ Նա, ով գնում է այլ ճանապարհով, որ իբր շուտ հասնի Աստծո տաճար, հաստատապես մոլորվում է խոտոր ճանապարհին և տեղ չի հասնում։
Հայտնի է, որ 7-րդ դարում սկիզբ առած Մուհամմեդի ուսմունքը, որ հետո կրոն դարձավ, ըստ էության, քրիստոնեական և հուդայական ուսմունքների (մասամբ նաև` զրադաշտականության) բարոյագիտության, ծիսակատարության, բարոյախոսության և առասպելաբանության հիմքի վրա է ստեղծվել։ Մահմեդականության` որպես միաստվածության տարածումը քարոզչությամբ կամ բռնի, ի սկզբանե եղել է արաբների միջավայրում, և «գյավուրը» կամ «քաֆիրը» այն արաբներն են եղել, ովքեր դեռ չէին ընդունել Մուհամմեդի ուսմունքը, այսինքն` անհավատ էին կամ «քաֆիր»։ Հետո, երբ ողջ արաբական աշխարհը, այնուհետև նաև պարսիկները, հետագայում թյուրքալեզու ժողովուրդները և մյուսները, դարձան մահմեդական, մի անտեսանելի «ուղղորդող ձեռք սրբազան պատերազմի` «ղազավաթի» սլաքն ուղղեց քրիստոնյաների դեմ, և հենց նրանք էլ այդուհետ համարվեցին «գյավուր»։ Եվ այս էլ քանի դար է, համաշխարհային երկու կրոնները հակասության մեջ են ոչ այնքան կրոնա-դավանաբանական «բարձր մատերիայի» շուրջ, որքան քաղաքական և տնտեսական գերիշխանության։
Ո՞Ւմ են ձեռնտու քրիստոնյա Եվրոպայի «մահմեդականացումը» և քրիստոնեության տրոհումն ու վարկաբեկումը։ Համենայն դեպս, ո՛չ Եվրոպայի ազգային պետություններին։ Սլավոնների մի հատվածի մահմեդականացումը թուրքերի բռնությունների հետևանք է, իսկ այսօր Եվրոպայի մահմեդականացումը կատարվում է խաղաղ, «մարդու իրավունքների» և «խղճի ազատության» եվրոպական արժեքների շրջանակներում և ժողովրդագրական ու քաղաքակրթական հեղաշրջում է կատարում։ Ձեռնտո՞ւ է այսպիսի հեղափոխությունը Եվրոպային և աշխարհին։ Համոզված եմ, որ ո՛չ։ Մի առիթով գրել եմ, որ Եվրոպան գլորվել է միասեռ ամուսնությունների տարտարոսը և, բնականաբար, զրկվել մարդկային բնական վերարտադրողականությունից ու հայտնվել ժողովրդագրական ճգնաժամի առաջ. չի ծնվում երեխա, չկան ապագա աշխատող ուժը, գնորդը, հարկատուն, զինվորը և այլն։ Եվ ժողովրդագրական այս բացը լրացնելու նպատակով ներգաղթի հնարավորություններ ստեղծվեցին թուրքերի, արաբների, չինացիների և այլ ազգերի համար։ Մենք գիտենք, թե ինչպես են վերաբերվում տեղացիները ներգաղթյալների հանդեպ, բայց վերջիններս էլ կարծես առանձնապես չեն խեղճանում։ Սակայն դրանից ոչինչ չի փոխվում հօգուտ ո՛չ այս, ո՛չ այն կողմի համար. ո՛չ գայլերն են կուշտ, ո՛չ ոչխարներն են ողջ։
Այո՛, երկրագնդի բնակչությունը շատացել է, և գիտնականներն ահազանգում են, թե իբր երկրագնդի պաշարները չեն բավարարում` 7 մլրդ մարդու կերակրելու։ Առնվազն հիմարություն է այս փաստարկը։ Քաղաքակիրթ հորջորջվող արևմտյան աշխարհն իր քաղաքակրթության աստիճանը, ցավոք, չափում է միայն արդյունաբերության զարգացման և բանկերի հզորության մակարդակով։ Այդ «արդյունաբերություն» ասածն էլ գոնե վերջին 50-60 տարիներին հիմնականում սահմանափակվում է զենքի, հագուստի և դեղերի (մի քիչ էլ կոլաների և լվացքի պարագաների) արտադրությամբ։ Մինչդեռ գյուղմթերքների և սննդի արտադրությունը միջինից ցածր է, այն էլ ժամանակ առ ժամանակ, ինչպես վերջերս եղավ, 100 հազարավոր տոննա սնունդ է ոչնչացվում ժամկետանց կամ նիտրիտներով հագեցած լինելու պատճառով։ Իսկ մի ամբողջ աշխարհամասի` Աֆրիկայի բնակիչները սովի ճիրաններում են հայտնվել։
Մի՞թե այս աշխարհի հզոր տերությունների «տաղանդավոր» տնտեսագետները, ես կասեի` տնտեսատգետները, չեն հասկանում, թե ինչպես պետք է զարգացնել այս կամ այն երկրի տնտեսությունը։ Աշխարհի բոլոր երկրների խանութներն ու «տոնավաճառները» լեփ-լեցուն են հագուստներով։ Հազարավոր գործարաններ միլիարդավոր հագուստ ու կոշիկ են արտադրում, անգամ մի երկրի ժողովրդի գործածած հագուստներն արտահանում են այլ երկրներ` վաճառելու։
Մի պարզ ու տրամաբանական հարց եմ ուզում տալ այդ «տնտեսատգետներին». քանի՞ տասնյակ հազար հագուստ ու կոշիկ կարելի է արտադրել յուրաքանչյուր մարդու հաշվարկով։ Ամեն մի մարդ իր կյանքի տարբեր փուլերում, տարիքային առումով, քանի՞ հազար զգեստ, կոստյում, տաբատ և այլն կարող է հագնել։ Թվաբանական պարզ վիճակագրությունը մեզ կօգնի համոզվելու, որ մարդը հասուն տարիքում, երբ դուրս է գալիս հասակ առնելու` բոյովանալու տարիքից, մեկ զգեստը, կոստյումը, տաբատը, վերնաշապիկը, կոշիկները և այլն կարող է հագնել և կրել առնվազն երեք տարի։ Ի դեպ, մինչև վերջերս մարդիկ ադպես էլ անում էին, այսինքն` իրենց զգեստապահարանը նորոգում էին յուրաքանչյուր 3-5 տարին մեկ, և դա լիովին նրանց ներկայանալի էր պահում։ Առաջ հագուստը և կոշիկները պատրաստվում էին բնական բարձրորակ հումքից, որոնք կրելը և՛ հաճելի էր, և՛ առողջարար։ Հետո սկսեցին քարից, ացետատից և քիմիական սինթեզների շնորհիվ ստանալ գործվածքները և կաշվի փոխարինիչներ։ Սկզբում գործվածքները և կաշվե իրերը թանկ էին (գոնե Խորհրդային Միությունում այդպես էր)։ Հետո աստիճանաբար զարգացավ քիմիական արդյունաբերությունը, և արհեստական կտորից ու կաշվից պատրաստված հագուստն ու կոշկեղենը էժանացան։ Նույնիսկ եղան այդ ժամանակ վայ-գիտնականներ, ովքեր քիմիական արդյունաբերության զարգացումը համարում էին բնությունը փրկելու միջոց։ Պատկերացնո՞ւմ եք, նրանք ասում էին, թե ահռելի թվով ոչխար ու կով պահելով հսկայական տարածությամբ արոտավայրեր և մարգագետիններ կճղակների տակ կընկնեն, և հողը կոռոզիայի կենթարկվի, աներևակայելի քանակությամբ կով ու գոմեշ պիտի մորթեն, որ նրանց կաշվից կոշիկ ու վերարկու կարեն, ահռելի քանակությամբ թթենու ճյուղեր պիտի կտրեն ծառերից, որ սնուցեն մետաքսատու շերամորդերին, որ հետո էլ մարդկանց համար հագուստ և այլ պարագաներ կարեն, հազարավոր հեկտարներով բամբակ ու վուշ պիտի ցանեն ու մշակեն և այլն։ Այսպես, «էկոլոգիական» խնդիր լուծեցին նորաթուխ բնապահպանները, մինչդեռ դրանից մարդկանց կյանքը չբարելավվեց. խնայեցին արոտավայրերը ոչխարների կճղակներից, այսօր ո՛չ ոչխար կա` որպես պարենամթերքի հումք, ո՛չ բուրդ, բամբակ ու վուշ ցանեցին, այդ հողերը մնացին անմշակ, իսկ գյուղացին ծուլացավ, այդ հողերի վրա հիմա կանեփ ու կակաչ են ցանում և այլն։ Ի դեպ, վերջերս զրուցում էի պետհամալսարանի կենսաբանության ֆակուլտետի մի ուսանողուհու հետ` ներկայիս համաշխարհային տնտեսական ճգնաժամի և բնապահպանական հարցերի շուրջ։ Ես պարզապես զարմացա, որ այսօր էլ ուսանողներին նույն «էկոլոգիական» մտահոգություններով են կրթում։ Երբ ես նրան բացատրեցի այդ թեզի հակաբնապահպանական և հակատնտեսական լինելը, նա նախ զարմացավ, իսկ հետո ըմբռնեց իմ փաստարկների ճշմարտությունը։
Եվ այսպես ապրում է մարդկությունը աղճատված և խեղաթյուրված տեղեկատվության, պարտադրված սովի ու պատերազմի պայմաններում, բայց երջանիկ, քանի որ «պաշտպանված» են նրա` որպես մարդու «իրավունքները»։ Սակայն ի՞նչ իրավունքներ են դրանք, եթե ոտնահարված է մարդու` իր հայրենիքում ապահով, կուշտ ու արժանապատվորեն ապրելու աստվածային իրավունքը։ Ի՞նչ անել, շարունակե՞լ հագուստ, դեղ և զենք արտադրողների համար մնալ էժան աշխատուժ և մեռնել սեփական երկրում շենքերի պայթյունից կամ վիրավորվել ու քաղցած մնալ, ապա «հումանիտար» օգնությամբ մի կտոր հաց ու ժամկետանց դեղ ստանալ, կամ արտագաղթել հայրենիքից և օտար երկրում ապրել փախստականի խղճուկ կարգավիճակով, թե՞ խաղալիք չդառնալ մի խումբ անձանց` մարդկության համար արյունալի, իսկ իրենց` փողառատ խաղադաշտում։
Իսկ մարդկանց և ժողովուրդներին շարունակում են դրդել կրոնական և դավանաբանական թշնամանքի։
Մի՞թե դժվար է հասկանալ, որ կրոնը խելոք մարդիկ ստեղծել են մարդկային հասարակությունն ուղղորդելու դեպի հոգևոր և ոգեղեն տիրույթ, այլ ոչ թե միջդավանանքային և միջկրոնական արյունալի բախումների ու պատերազմների։ Համաշխարհային բոլոր կրոնների հիմքում դրված է աստվածային սերը մարդկանց հանդեպ, և մարդկային սերը միմյանց հանդեպ, իսկ սիրո հիմքի վրա կառուցվում է խաղաղության, բարեկամության ու եղբայրության տաճարը։ Սակայն ո՞ր կրոնն է իր գոյության սկզբից մինչև այսօր հետևել այդ աստվածային պատգամներին։ Հարցս ճիշտ ձևակերպեմ. համաշխարհային կրոնների կամ դավանանքների հոգևոր առաջնորդները կարողացե՞լ են մարդկային բազմահազար զանգվածներին տանել դեպի հոգևոր և ոգեղեն դաշտ և պահել նրանց խաղաղության, սիրո, փոխադարձ հանդուրժողականության տիրույթում։ Չեն կարողացել։ Իհարկե, կան մարդկային փոքր հանրույթներ` արվեստագետները, բանաստեղծները, անկեղծ հավատացյալները, որոնք իրենց բարեպաշտությամբ որակական արդյունք չեն տվել. «Երբ կրակում են թնդանոթները, մուսաները լռում են»։
Ե՞րբ է գալու միայն մուսաների խոսելու ժամանակը, որ թնդանոթները լռեն։ Հոգնել է մարդկությունը պատերազմներից, բռնություններից, դաժանություններից, այլասերություններից և սարսափում է հաճախացած տարերային աղետներից։
Գուցե արժե՞, որ աստվածամերձ մարդիկ ձայն տան իրար, ձեռք ձեռքի տան, օգնեն իրար ու աշխարհը մաքրեն ախտից ու աղտից։

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Հ. Գ.- Ջրհեղեղի, Նոյի փրկության, Սոդոմ և Գոմոր քաղաքների կործանման պատմություններն առասպել չեն, այլ մարդկային պարզ հիշողության վավերացում։ ՈՒզո՞ւմ ենք մի այդպիսի հիշողություն էլ մեզնից հետո մնա։ Համոզված եմ` չենք ուզում։

Դիտվել է՝ 2667

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ